Հարյուր կարկատանով ուսանողը
Հազար հինգ հարյուր տարի առաջ, Շիլա Չաբի դինաստիայի Կասրի տիրակալության ժամանակ, Կյոնջու ավանում կար-չկար մի առաքինի ուսանող: Նա բարի էր և ժուժկալ իր ցանկություններում, ինչպես նաև` խնայող, այդ պատճառով ամբողջությամբ կարկատաններով պատված հագուստ էր կրում: Լինում էին ժամանակներ, որ նրա շապիկի վրա կարելի էր հարյուրից ավելի կարկատան նկատել: Այդ պատճառով էլ նրան կոչում էին հարյուր կարկատանով ուսանող:

Ուսանողը երբեք չէր ամաչում իր աղքատությունից և երբեք չէր տրտնջում: Իսկ նրա կիրքը կոմունգո նվագելն էր` վեցլարանի երաժշտական գործիք, որը միշտ իր հետ տեղից տեղ էր տանում, ուր էլ գնար, և որի վրա հաճույքով նվագում էր ժողովրդի համար: Երբ նա նվագում էր, մարդիկ մոռանում էին իրենց վշտերի ու դժվարությունների մասին` ախորժանք ապրելով նրա հիասքանչ երաժշտությունից:
Մի անգամ, Նոր տարվա նախօրեին ողջ քաղաքը լցվել էր պատրաստվող բրնձի և բրնձակարկանդակների ձայներով ու բույրերով: Ուսանողի կինը, ունկ դնելով նախատոնական իրարանցմանը և տոնական ուտեստների բույրն առնելով` կամացուկ հոգոց հանեց:
– Մեր հարևաններն անընդհատ բրինձ են աղում տոնական ուտեստների համար,- կամացուկ նկատեց նա,- իսկ մենք հատիկ անգամ չունենք: Դե ինչպե՞ս ենք մենք Նոր տարին տոնելու:
Լսելով դա` ուսանողը ծիծաղեց:
– Թանկագինս,- ասաց նա կնոջը,- կյանքն ու մահը կախված են ճակատագրից, իսկ հարստությունն ու աղքատությունը` Երկնքից: Մեզ կարող է այցի գալ հարստությունը կամ աղքատությունը, և մենք չենք կարող դա կանխել, իսկ եթե նրանք քեզ լքեն, մենք չենք սկսի նրանց հետապնդել: Դե էլ ի՞նչ ասեմ: Ավելի լավ է ես փոքր-ինչ ուրախացնեմ քեզ իմ երաժշտությամբ: Հետո ուսանողը սկսեց նվագել իր կոմունգոյի վրա: Նրա երաժշտությունը հիասքանչ էր, մինչ այդ ոչ մեկը և երբեք դա չէր լսել: Դրանում լսելի էին առատ բերքահավաքից հետո բրինձ աղացող ջրաղացի ձայները: Ուսանողի կինը, լսելով երաժշտության զվարթ ու բերկրալի ձայները, հանգստացավ և մոռացավ իր բոլոր վշտերը: Երաժշտության կախարդական ձայներից դյութված, դեպի նրանց տուն շարժվեցին հարևանները, և նրանցից յուրաքանչյուրը տոնական հյուրասիրություն էր տանում ուսանողին և նրա կնոջը:
Այդ կենսուրախ մեղեդին, որ հորինել էր աղքատ ուսանողը, որը կոչվում է «Ջրաղացի երգը», հասել է մինչև մեր օրերը:
|