
Կյանքը
Ժյուլ Գաբրիել Վեռն - ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների։
Ընտանիքը
Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը սերում էր փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին (1801 - 1887) բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը և երեք քույրերը՝ Աննան , Մատիլդան և Մարին։
Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամյեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինան։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարիայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։
Կյանքի վերջին 20 տարին
1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։
1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։
Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։
Աֆորիզմներ
- Կգա մի օր, երբ գիտությունը կգերազանցի ֆանտազիային։
- Աշխարհին պետք են նոր մարդիկ, ոչ թե նոր մայրցամաքներ։
- Բնությունը ոչինչ չի ստեղծում աննպատակ:
- Չի կարող պատահել այնպիսի մի իրավիճակ, որի ժամանակ մարդը իրավունք կունենար շորթել իր նմանների իրավունքի վրա։
- Տաղանդները չունեն տարիք: