MENU

Էդգար Ալան Պո - ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ, խմբագիր։

Կենսագրություն

Ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է  Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։

1820-ին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826-ին՝ Վիրջինյանի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833-ի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։

1835-ի դեկտեմբերին Էդգար Պոն Southerm library messegerամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը՝ Մարի Քլեմը, դստեր՝ Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորքում հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնորարներն այնքան չնչին էին, որ գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838-ին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839-ին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։

Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ Նրա ստեղծագործության որոշ մասնավորեցումներ՝ իռացիոնալիզմը, միստիցիզմը, հակումը պաթոլոգիկ սևեռումների հանդեպ, հետագայում մեծապես սնեցին դեկադենսական գրականությունը:

1844-ին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չունեցան։ Փոխարենը՝1845-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովեցին աննախընթաց ժողովրդականություն։

Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը՝ Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար՝ ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849- հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։